Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Կոմունալ բնակարանի հոգեբանությունն ու սեփական դահճի էկրանային «սրբացումը»

Կոմունալ բնակարանի հոգեբանությունն ու սեփական դահճի էկրանային «սրբացումը»
09.07.2026 | 12:22

Իմ՝ «Կինոն ռազմավարական հզոր զենք է» 7 մասից (առայժմ) բաղկացած հոդվածաշարը, որտեղ փաստերով, բյուջեներով ու աշխարհաքաղաքական վերլուծությամբ ցույց եմ տվել, թե ինչպես են Թուրքիայի հատուկ ծառայությունները «TurkDizi»-ի միջոցով նվաճում մարդկանց ուղեղները, որոշ մոսկվաբնակ հայրենակիցների մոտ հիստերիկ ջղաձգումներ են առաջացրել։

Մասնավորապես, մոսկովյան հեռուներից ոմն Լևոն Հովհաննիսյան/ Левон Оганесян, չկարողանալով հերքել և ոչ մի բերված փաստ, անցել է պրիմիտիվ մանիպուլյացիաների, թե.

«Ի՞նչ եք թեժացնում պատմությունը... Ձեր ասածից հետևում է՝ հավաքվենք, հարձակվե՞նք Թուրքիայի ու Ադրբեջանի վրա... Դուք հայ ժողովրդի մա՞հն եք ուզում»։

Իսկ սեփական էջում գրում է.

«Վարչապետը մեր ժողովրդին տանում է դեպի խաղաղություն... Անդրկովկասը շենքի մուտք չէ, որտեղ կարող ես վաճառել բնակարանդ ու նոր հարևաններ գտնել»։

Ստիպված եմ կետ առ կետ սթափեցնող պատասխան տալ այս կապիտուլյացիոն տգիտությանը։

ա) Ռազմատենչ հիստերիայի և սթափության մասին

Պարո՛ն Հովհաննիսյան, պահպանելով էթիկայի կանոնները, այնուամենայնիվ, Ձեր՝ ինձ ուղղված գռեհիկ «դու»-ին՝ «А что ты хочешь? Смнрть арм. народа? Так и скажи. Толко громче чтобы весь народ слышал», որպես դաստիարակված մարդ՝ կպատասխանեմ «Դու՛ք»-ով:

Եվ այսպես՝ «հավաքվենք, հարձակվենք Թուրքիայի վրա» աբսուրդ թեզը Ձեր սեփական, վախեցած երևակայության արդյունքն է, որը Դուք փորձում եք վերագրել ինձ։

Իմ հոդվածաշարը ոչ թե պատերազմի, այլ ինքնապաշտպանության և սթափության մասին է։

Երբ ես գրում եմ, որ Բուրակ Օզչիվիտը ցուցադրում է «Գորշ գայլերի»՝ հայասպան ահաբեկչական կազմակերպության նշանը, իսկ Բյուլենթ Ինալը էկրանից արդարացնում է հայկական ջարդերը, ես Ձեզ կոչ չեմ անում «հարձակվել Թուրքիայի վրա»։ Ես հայ սպառողին կոչ եմ անում չֆինանսավորել ու չպաշտել սեփական դահճին։ Եթե Ձեր հոգեբանության մեջ սեփական արժանապատվության պաշտպանությունը հավասարազոր է «հայ ժողովրդի մահվանը», ապա Դուք ունեք լուրջ հոգեբանական խնդիրներ՝ կապված ստոկհոլմյան սինդրոմի հետ։

բ) «Կոմունալ բնակարանի» և նոր հարևանների սինդրոմը

Ձեր այդքան սիրելի թեզը, թե «հարևաններին չեն ընտրում, սա մուտքի հարևան չէ», ամենավտանգավոր խայծն է։ Այո՛, հարևաններին չեն ընտրում, բայց եթե Ձեր կողքի բնակարանի հարևանը բացահայտ հայտարարում է, որ Ձեր տունը պատկանում է իրեն, Ձեր երեխաներին համարում է «ահաբեկիչ» (ինչպես պատկերված է TRT-ի «Կազմակերպություն» սերիալում), իսկ իր պատերին փակցնում է Ձեր պապերի մորթը փառաբանող նկարներ, Դուք ի՞նչ եք անում։ Մտնում եք նրա տուն, նստում նրա սերիալների դիմաց, հիանում նրա դերասաններով ու ասում՝ «դե, խաղաղություն ենք կառուցում, հարևան ենք»։

Դա ոչ թե խաղաղություն է, այլ բարոյական կազմալուծում։

գ) Ո՞վ է իրականում ազգին տանում դեպի կործանում

Դուք գրում եք, թե Ձեր «վարչապետը ժողովրդին տանում է դեպի խաղաղություն»։ Որպես հեռավոր Մոսկվայում ապրող մարդ, հավանաբար, չեք նկատել, որ այդ «խաղաղության» ճանապարհին մենք կորցրինք Արցախը, Հայաստանի սուվերեն տարածքներ, 150 000 մարդ դարձավ տնանկ։

Իսկ այսօր Ադրբեջանն ու Թուրքիան պաշտոնական մակարդակով՝ «Արևմտյան Ադրբեջան» են ոռնում, պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը, ջնջել Ցեղասպանության հիշատակումը և էկրաններից մեզ ներկայացնում են որպես «ժամանակավոր հյուրեր» սեփական հողում։

Հասկանում եմ՝ Դուք՝ որպես «խաղաղության» մեծ ջատագով, Ձեր հեռուներից չեք լսել նաև Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի վայրահաչը՝ պետական հեռուստաալիքի եթերից․

«Զանգեզուր էինք ասում։ Հիմա արդեն իրական անունը տանք՝ դա «Թուրանի միջանցքն» է։

«Թուրանի միջանցքը» պատմական և մշակութային դարպաս է դեպի ապագա, որը ձգվում է Կարսից մինչև Թուրքմենստանի տափաստաններ։ Երբ դուռը բացվի դարեր շարունակ մեր ստերում փայփայած վերամիավորված երկիրը կձևավորվի։

Անատոլիան և Թուրքմենստանը բաժանելու համար նախատեսված պատնեշները կփլվեն և Թուրանի հորիզոնը կդառնա ավելի պարզ, մոտ և հզոր»։

Երբ արաբները 40 միլիոն դոլար են ծախսում թուրքական մեդիա-ագրեսիային հակահարված տալու համար, իսկ հույները «Սմիրնա, իմ սիրելի» ֆիլմով շանթահարում են Անկարայի ժխտողականությունը Եվրախորհրդարանում և ԱՄՆ Կոնգրեսում, նրանք Թուրքիայի վրա չեն հարձակվում։ Նրանք պաշտպանում են իրենց ուղեղներն ու պատմական հիշողությունը։

Պարո՛ն Հովհաննիսյան, Դուք ուզում եք լռե՞նք։

ՈՒզում եք հայ կինը շարունակի հուզվել թուրքական հեռուստաալիքների կեղծ հումանիզմով, իսկ հայ երեխան մեծանա թուրքական նվաճողական միֆերո՞վ։

Եթե Ձեր պատկերացրած «խաղաղությունը» սեփական ինքնության, հիշողության ու արժանապատվության ուրացման հաշվին է, ապա դա խաղաղություն չէ։ Դա էկրանային սպանդ է, որին Դուք, Մոսկվայի ապահով անկյունից, կամավոր ու խնդուն ծափահարում եք։

Ծափահարե՛ք։

Դա Ձեր կամքն է, Ձեր բարոյականության չափանիշն ու Ձեր ընտրությունը։

Բայց Ձեր անվտանգ հեռուներից մի՛ փորձեք մեզ պարտվողականության դասեր տալ։

Դուք դրա իրավունքը պարզապես չունե՛ք։

Ի հեճուկս Ձեր կապիտուլյացիոն «խաղաղասիրության»՝ ես շարունակելու եմ գրել, խոսել և արթնացնել։

Որովհետև, ի տարբերություն Ձեզ, ես հայ ժողովրդին տեսնում եմ ոչ թե որպես աշխարհաքաղաքական «կոմունալ բնակարանի» անտուն ու խղճուկ վարձակալ, այլ որպես սեփական պատմությունն ու մշակութային սահմանները ատամներով պաշտպանելու ընդունակ Գիտակից և Ինքնիշխան Ազգ։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ